09/01/2023 19:17
Ադրբեջանը չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին
Ադրբեջանը դեռ չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
«Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- նշել է Հունանյանը։
Հիշեցնենք, որ Բերձորի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակելու 10-րդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեռ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ իր առաջարկները: Երևանը նաև առաջարկներ է ուղարկել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն դեռևս պատրաստ չէ ամբողջական պատասխան տալ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանից փոխանցված առաջարկներին։
2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը, որոնց պաշտոնական Երեւանը տվել էր իր համաձայնությունը ու ներկայացրել լրացնող առաջարկներ։ Առ այս պահը Բաքուն արձագանք չի տվել հայկական կողմի առաջարկներին։