09/01/2023 20:20
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ներողություն է խնդրել Զիդանից
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեյը ներողություն է խնդրել 1998 թվականի աշխարհի չեմպիոն Զինեդին Զիդանից։
Հունվարի 7-ին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ պայմանագիրը երկարաձգվում է մինչև 2026 թվականը։ Հաջորդ օրը՝ հունվարի 8-ին Նոել Լե Գրեյը հայտարարել էր, թե իրեն չի հետաքրքրում Զիդանի մարզչական ապագան, ինքը նույնիսկ չի ցանկանում նրա հետ խոսել հեռախոսով։
«Ինչ է, նրա համար աշխատանք գտնելու մրցու՞յթ պետք է կազմակերպենք»,- ասել էր Լե Գրեյը, ինչից հետո Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին քննադատել էր 2018 թվականի աշխարհի չեմպիոն Կիլիան Մբապեն՝ նշելով, որ Զիդանը ֆրանսիական ֆուտբոլի լեգենդն է, ուստի Նոել Լե Գրեյը պետք է հարգանքով վերաբերվի նման մարդկանց։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել այս մեկնաբանությունների առնչությամբ, որոնք բացարձակապես չեն արտացոլում ոչ իմ մտքերը, ոչ էլ իմ վերաբերմունքը այն ֆուտբոլիստի նկատմամբ, որը նա (Զիդանը-խմբ․) եղել է, ոչ էլ այն մարզչի նկատմամբ, որը նա դարձել է»,- քննադատություններից հետո ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։