09/01/2023 17:25
«Մարդոց հոգու մաքրությունը պահելու մասին պետք է հոգ տանենք, որ Հույսը և հանդուրժողականությունը մեզանում չմարի ... »
Էդվարդ Մսրլյանը մեր ժամանակների բացառիկ անհատներից էր, որը հետևում էր «Աջը չպիտի իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը» պատվիրանին։ Ե՛ւ սփյուռքում ծավալած գործունեությամբ, և՛ դեպի հայրենիք բերող ճանապարհը բանուկ պահելով է մեծաթիվ և տարաբնույթ ներդրումներով նյութական, նաև կազմակերպչական աջակցություն ցուցաբերել երկրի երկու հատվածներին։ Մարդկանց հետ հարաբերվելու առանձնահատուկ ձիրք ուներ և մեկենաս էր՝ բառի դասական իմաստով։
Երբեք չուզեց ի ցույց դնել, լրատվամիջոցներով բարձրաձայնել իր հովանավորությամբ և աջակցությամբ իրականացված գործերի մասին։ Ամենամտերիմ մարդիկ անգամ չգիտեին, թե ինչ շառավղով է ծավալվում նրա գործունեությունը։
Վերժին և Էդվարդ Մսրլյանները Գյումրիում «Օվսաննա» կրթօջախն են հիմնադրել, Շուշիում՝ «Սոսե» մանկապարտեզը, որը գործել է տասնամյակներով, մինչև քաղաքի անկումը, նաև Վանաձորի մանկատան հովանավորներից էին։
Մսրլյանը մշակույթի և գեղարվեստի հանդեպ մանկության տարիներից պահած սեր ուներ, և այդ հետաքրքրությունները դրսևորվել են թե՛ այն երկրներում, որտեղ ապրել էր՝ Սիրիա, Լիբանան, Կանադա, Ամերիկա, թե՛ հայրենքում, ուր նա շտապեց գալ ցուրտ և մութ տարիներին։ Նրա ներկայությունը հայրենիքում աննկատ չմնաց։ ժամանակի ընթացքում ճանաչելի դարձավ կերպարվեստի գործերի անհատական հավաքածու կազմավորելով, արվեստի մարդկանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ բացելով, գեղանկարիչների, լուսանկարիչների պատկերագրքերը, գրողների ստեղծագործությունները հրատարակելով, երաժշտության՝ հատկապես կատարողական արվեստի ասպարեզի գործիչներին սատարելով, նաև տարբեր բնագավառներում գործող գիտնականների մենագրությունների հրապարակմանն ու թանգարաննների հետազոտական աշխատանքներին, հնագիտական պեղումներին աջակցելով։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Մ. Մաշտոցի անվան մատենադարանի կազմակերպած «Արշալույս քրիստոնեության հայոց» միջազգային գիտաժողովի «Հայոց հնագույն պատմության հիմնահարցերը» խորագրով ծրագրի «Աստվածաշնչյան օջախ Հայաստան», «Հայկազունիներ», «Տիգրան Մեծ» վերտառությամբ գիտաժողովները, որոնք նախորդների շարունակություն էին, նույնպես իրակացվել են Էդվարդ Մսրլյանի հովանավորությամբ։ Վերջին շրջանում առանձնապես շատ էր ոգևորված «Արևահովիտ»-ի բեղուն գործունեությամբ։ Այս ամենին զուգահեռ, նրա անունով «Ցանկությունների մատյան» կայքն էր գործում, որի վերնագիրն իսկ հուշում է, թե ինչ նպատակով էր այն բացված։
«Ապերախտ մարդոց պատճառով չես կըրնար և իրավունք ալ չունիս նեղանալ ու ընդմիշտ հեռանալ հայրենիքեն»,- ասում էր,- «Մարդոց հոգու մաքրությունը պահելու մասին պետք է հոգ տանենք, որ Հույսը և հանդուրժողականությունը մեզանում չմարի ...»։