10/01/2023 17:53
Հիվանդ երեխայի խնամքը տնային պայմաններում. Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
Երբ երեխան հիվանդ է, ծնողի կամ խնամակալի առաջնային խնդիրը պետք է լինի նրան լսելը։ Եթե վերջինս ասում է, որ անկողնում մնալ չի ցանկանում, գուցե իրոք դրա կարիքը չկա։ կարելի է նրան տեղափոխել առավել հարմար սենյակ, կամ պարզապես պառկեցնել բազմոցին՝ ծածկելով թեթև վերմակով։
Անկախ երեխայի հիվանդության տեսակից և աստիճանից, կան մի շարք գործոններ, որոնք կօգնեն նրա ինքնազգացողության բարելավմանը։
Սենյակը պետք է պահել լավ օդափոխվող վիճակում։ Չափից դուրս տաք ջերմաստիճանը կարող է ավելի վատացնել երեխայի վիճակը և ավելորդ ճնշում գործադրել։
Երեխային տվեք առատ հեղուկներ։ Ուշադրություն դարձրեք, որ այդ օրերին երեխան ստանա ջրի օրական հասանելիք չափաբաժինը։ Ջերմող երեխան նաև շատ ջուր է կորցնում, ուստի, պետք է ստանա սովորականից ավելի շատ հեղուկներ։
Առաջին մի քանի օրը սնունդ տալու համար մի անհանգստացրեք նրան։ Երբ ախորժակ ունենա, ինքը կասի այդ մասին։ Դրա փոխարեն, կարող եք ժամանակ առ ժամանակ հիշեցնել թարմ մրգերի կամ կաթ խմելու արդյունավետության մասին։
Երեխային ավելի շատ ժամանակ տվեք հանգստանալու, հանգիստ խաղերով զբաղվելու և հարմարավետ միջավայրում գտնվելու համար։ Հիվանդ երեխան սովորաբար ունի հոգնածության զգացում, ուստի՝ հանգստի և քնի կարիք։
Երբեք մի՛ քնեք ձեր երեխայի հետ նույն անկողնում կամ նույն բազմոցին։ Նման դեպքերում դուք ոչ թե օգնում, այլ խանգարում եք միմյանց՝ բարձրացնելով նաև վարակի տարածման ռիսկը։
Հոգ տարեք այն մասին, որ հիվանդ երեխան առանձնանա տան մյուս երեխաներից և ընտանիքի ռիսկի խմբի անդամներից՝ նորածիններ, հղիներ, բարձր տարիքով մարդիկ։ Հիշեք, որ երեխայի հիվանդությունը կարող է լինել վարակիչ, իր համար՝ անվտանգ, սակայն տվյալ մարդկանց համար խիստ վտանգավոր։
Բոլոր դեպքերում, երեխայի վիճակի մասին պետք է տեղեկացնել բժշկին և հետևել նրա ցուցումներին։
Շտապ դիմեք բուժօգնության, եթե երեխան ունի բարձր ջերմություն և այս նշաններից մեկը կամ մի քանիսը՝
խիստ հիվանդ տեսք,
շնչառության հետ կապված խնդիրներ, շնչարգելություն կամ հևոց,
պարանոցի լարվածություն,
անսովոր քնկոտություն և քնից դժվարությամբ արթնացում,
առկա են ցնցումներ կամ ցնցումային հիվանդությամբ երեխայի մոտ ջղաձգումները շարունակվում են ավելի քան 5 րոպե։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։