10/01/2023 12:36
ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը այս իրավիճակում նպատակահամար չէ. ստացվում է՝ ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար. Փաշինյան
ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը այս իրավիճակում նպատակահամար չէ, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Զորավարժությունները Հայաստանում այս տարի չեն կայանա», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել միտքը, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է ու անվտանգության երաշխավորը:
«Պիտի ասեմ, որ մենք նույնպես հարցը ընկալում ենք այդպես: 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը Ռուսաստանի հետ եղել է այն, որ մտավախություններ ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնակի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ, իմ կարծիքով՝ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ ու մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների համար», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի հիմնական խնդիրն այն է եղել, որ գործնական խնդիր կա՝ ի ցույց դնելու ու հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում:
Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար:
«Մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը, բայց հետևություն չենք անում», - նշեց նա: