10/01/2023 12:40
Ողջունելի է Թուրքիայի կողմից օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը․ Տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ողջունեց Թուրքիայի կողմից ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու արգելքը վերացնելու որոշումը։
«Թուրքիան հայտարարեց օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին, դա համարում եմ ողջունելի քայլ՝ այն առումով, որ կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- ասաց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար կբացվի հայ-թուրքական սահմանը։
«Այս իրադարձությունները կարևոր են, ի դեպ, ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլև միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում, և կարծում եմ, որ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, և միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում»,- նշեց նա։