10/01/2023 19:28
«Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը» ․ Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ փոխպետքարտուղարին
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանն իր գործողություններով կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Հայկական կողմը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական կողմի իբր բնապահպանական հիմնավորումները և հնչող մեղադրանքները կեղծ են: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը:
ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները»,- նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: