10/01/2023 15:01
Ադրբեջանն ընդլայնում է Արցախի դեմ հակամարդկային ճնշումների ցանկը․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ադրբեջանի հերթական ահաբեկչական գործողությանը՝ միտված Արցախում էներգետիկ ճգնաժամի խորացմանը։
«Ադրբեջանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Բերձորի հատվածում, ինչի հետևանքով Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, շարքից հանվել է: Ըստ սարքավորումների արձանագրումների, վթարի վայրը Աղավնո-Բերձոր հատվածում է:
Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս արցախցի մասնագետներին ու ռուս խաղաղապահներին դեպքի վայր հասնել ու անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ իրականացնել: Միջադեպը գրանցվել է երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ինչից հետո էլեկտրաէներգիայի ապահովման ողջ ծանրությունն այս պահին Արցախի էներգետիկ համակարգի վրա է, սակայն այդ ձևով լիարժեք ապահովում անհնար է իրականացնել:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Արցախում գրաֆիկ է սահմանվել՝ հովհարային անջատումներ իրականացնելու ու Արցախի բնականոն կյանքը հնարավորինս նորմալ ապահովելու համար, ինչը չափազանց դժվար է:
Ադրբեջանը ընդլայնում է Արցախի դեմ կիրառվող հակամարդկային ճնշումների ցանկը՝ արցախցիներին կանգնեցնելով նոր դժվարությունների առաջ», - սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: