10/01/2023 18:08
Միջազգային հանրությունն ընդունել է 2020 թվականի պատերազմի արդյունքները․ Ալիև
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել իր երկրի հեռուստաընկերություններին, որի ընթացքում հայտարարել է, թե միջազգային հանրությունն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները։
Ալիևը նաև սպառնալիք պարունակող հայտարարություն է արել՝ նշելով, որ թեպետ պատերազմն ավարտվել է, սակայն «Ադրբեջանը շարունակելու է պայքարը»։
«Պատերազմից 2 տարի անց կարող ենք վստահությամբ ասել, որ աշխարհն ընդունել է պատերազմի արդյունքները։ Մենք պետք է ավելի ամրապնդենք պատերազմի վերջում ստեղծված իրավիճակը, այսինքն՝ պետք է ավելի ամրապնդենք մեր դիրքերը։ Վերջին երկու տարվա ընթացքում մեզ հաջողվել է հասնել նրան, ինչին ձգտում էինք՝ ինչպես միջազգային հարաբերությունների հարթությունում, այնպես էլ երկրի ներսում։
Ես կենդանի վկան եմ այն փաստի, որ պատերազմից հետո Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ դրական վերաբերմունքն ավելացել է, քանի որ աշխարհի քաղաքական էլիտան լավ է գիտակցում՝ ինչ գնով մենք հասանք հաղթանակի, ինչ ուժերի դեմ էինք պայքարում և այժմ էլ պայքարում ենք։ Չնայած նրան, որ պատերազմնմ ավարտվել է, պայքարը շարունակվում է, և ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, մեր քաղաքական ու ռազմական ներուժը, նաև մեր տնտեսական անկախությունը բազմապատկում են մեր հզորությունը»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։