10/01/2023 20:09
«Փոխարինող դեղամիջոցներով մեկ-երկու շաբաթ կարողացել ենք խնդրին լուծում տալ, բայց դրանք էլ են արդեն սպառվել»․ Արցախի դեղատներում իրավիճակը ճգնաժամային է
Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պատճառով Արցախի դեղատներում որոշ տեսակի դեղամիջոցների և մանկական կերերի անհրաժեշտությունն ավելի է զգացվում, «Արցախպրես»-ի հետ զրույցում փաստել են Ստեփանակերտում գործող դեղատնային տարբեր ցանցերի ներկայացուցիչները։
Դեղագետ Շուշան Նազարեթյանն ասել է, որ այս պահի դրությամբ կաթնախառնուրդների, մանկական տակդիրների ու հակաբիոտիկների մեծ պահանջարկ կա։
«Մինչև 6-7 տարեկան երեխաների համար պետք են հեղուկ հակաբիոտիկներ` ի հայտ եկող ինֆեկցիոն պրոցեսները կանխարգելելու համար, իսկ հեղուկ հակաբիոտիկներ ընդհանրապես չկան։ Նույն տարիքային խմբի երեխաների համար չկան նաև ջերմիջեցնող դեղեր։ Փոխարինող դեղամիջոցներով մեկ-երկու շաբաթ կարողացել ենք խնդրին լուծում տալ, բայց դրանք էլ են արդեն սպառվել»,- նշել է նա։
Ցանցում չկան նաև շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներ, ինսուլինի ներարկիչներ։ Եվ եթե այս իրավիճակը պահպանվի ևս մեկ շաբաթ, ապա դեղատունը լրիվ կդատարկվի։
Դեղագետ Լիլիթ Բարսեղյանի խոսքով էլ՝ քաղաքացիների շրջանում մեծ է ջերմիջեցնող ու զարկերակային ճնշումը կարգավորող դեղերի պահանջարկը։
«Հակաբիոտիկների քանակը նույնպես խիստ սահմանափակ է։ Շրջափակումից հետո երեք անգամ ստացել ենք երեխաների համար նախատեսված ջերմիջեցնողներ, շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դեղամիջոցներ։
Ստացել ենք նաև սահմանափակ քանակությամբ մանկական կերեր. դրանք էլ արդեն վերջանում են։ Հուսանք` մոտ օրերս համալրում կունենանք, ինչի համար շատ շնորհակալ կլինենք»,-ասել է Բարսեղյանը՝ ընդգծելով` դեղամիջոցները վաճառվում են նախկին գներով։
Ստեփանակերտում գործող դեղատներից մեկի սեփականատեր, դեղագետ Էլեոնորա Գրիգորյանի խոսքով` քաղաքացիների մեծ մասն առաջին անհրաժեշտության դեղորայքի կարիք ունի։ Գնային որևէ փոփոխություն չկա։ Շատ հաճախ, հանգամանքներով պայմանավորված, բնակիչներին նույնիսկ անվճար են տրամադրում եղած դեղորայքը։