10/01/2023 18:32
Ալիևին պետք է ասել, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլ, որ հետները խոսի կամայականորեն` իրեն հարմար եղանակով․ Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։
«Ինչպես և ենթադրվում էր, Ալիևն իր ասուլիսում արել է հետևյալ հայտարարությունները.
Ասում է ՝ «...«Զանգեզուրի միջանցքը» բացվելու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզո՞ւմ է թե՞ ոչ»: Այստեղ նրան պետք է ասել, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլ, որ հետները խոսես կամայականորեն` քեզ հարմար եղանակով: Ադրբեջանը դեռ պետք է մտածի Հայաստանի տարածքների, ինչպես նաև Շուշիի և Հադրութի օկուպացիայի հետևանքների մասին: Նիկոլը, նավթն ու գազը հավերժ չեն:
Ասում է, որ «...շարունակում են զարգացնել Հայաստանի դեմ տարած «հաղթանակը» նաև քաղաքական հարթակում, որպեսզի այն ամրագրվի միջազգայնորեն ու փոխել հնարավոր չլինի»: Փաստացի վախենում են, որ ստեղծված աշխարհաքաղաքական (Ուկրաինա) և Հայաստանի ներքաղաքական (Նիկոլ) իրադարձությունները կփոխվեն ու իրենք կկորցնեն Հայաստանին լրիվ ծնկի բերելու իրենց պատմական շանսը: Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանը հնարավորություն ունի արագ վերականգնվելու և իրավիճակը փոխելու հարցում: Դրա համար Նիկոլին միշտ պաշտպանել են, իսկ Հայաստանի ընդդիմությանը քննադատել` համարելով «ռևանշիստ»:
Ասում է՝ «...ժամանակն է մտածել «Արևմտյան Ադրբեջան» (նկատի ունի Հայաստանը) ադրբեջանցիների վերադարձի և իրենց տներում բնակվելու մասին»: Սա հաջորդ քայլն է, որը փորձելու են անել: Թող գան, եթե նման ցանկություններ ունեն և եթե կարող են: Հետևանքների մասին չեմ գրում, որպեսզի ՀՀ նիկոլահպատակ ուժային կառույցներն ինձ չմեղադրեն թշնամու դեմ «թշնամանք» քարոզելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: