10/01/2023 12:45
Պատրաստ ենք իրագործել «Հայկական խաչմերուկի» մեր տեսլականը․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ Հարավկովկասյան տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում և միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում։ Այս համատեքստում Փաշինյանը մատնանշեց տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման հնարավորությունները։
«Եվս մեկ անգամ պիտի արձանագրեմ մեր պատրաստակամությունը Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ։ Մենք դրան պատրաստ ենք։ Պետք է նաև անկեղծ ասեմ, որ շահագրգռված ենք դրանով։ Նաև Հայաստանի տարածքով ավտոբեռնափոխադրումների և ավտոճանապարհների բացումը՝ արևելք-արևմուտք ուղղություններով, նաև նոր ճանապարհների կառուցումը․ սրանով էլ ենք հետաքրքրված և շահագրգռված»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ միակ բանը, որն այս ամենին խանգարում է, «Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին»։
«Մենք պատրաստ ենք իրագործել «Հայկական խաչմերուկի» մեր տեսլականը։ Միջազգային բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների և ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, և այս փոփոխությունները կարելի է օգտագործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության, ոչ թե հակառակը»,- հավելեց նա՝ կարևորելով նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային և երկաթուղային բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունը։