10/01/2023 14:25
Հայաստանի Հանրապետությունը Լաչինի միջանցքի հետ կապված անելիք չունի, այնտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է․ Փաշինյան
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Հայաստանի Հանրապետությունը Լաչինի միջանցքի հետ կապված անելիք չունի, ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ գրված չէ՝ Հայաստանի Հանրապետությունը Լաչինի միջանցքի հետ կապված՝ ինչ գործառույթ պետք է իրականացնի։ Այնտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և իրենք գործառույթ են իրականացնում Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման առումով»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե այդ շրջանակում Արցախի հետ կապված որևէ որոշում լինի, «դրա իրավատերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն են»։
Փաշինյանը չբացառեց նաև, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է՝ «Զանգեզուրի միջանցքի» իր ակնկալիքները բավարարելու նկրտումով։
«Չենք կարող բացառել, բայց դա մեր վերաբերմունքը չի փոխում»,- ասաց նա՝ վստահեցնելով, թե Հայաստանի Հանրապետության տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը բացառվում է, միջանցքի խոստում Ադրբեջանին չի տրվել։