10/01/2023 11:00
Միջազգային կառույցների գործնական քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է հայերի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը․ Թովմասյան
Տարին սկսել եմ միջազգային բոլոր գործընկերներիս ուղղված գրություններով, ֆեյսբուքում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
Նա նշել է, որ արձանագրել է՝ Արցախի Հանրապետության կառավարությունը, բավարարելով ադրբեջանական «էկոակտիվիստների» պահանջը, հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքավայրի շահագործումը, մինչև միջազգային փորձաքննություն կիրականացվի, սակայն դրանից հետո ևս ճանապարհը չի բացվում, ինչն էլ ապացուցում է, որ ճանապարհի փակումը կրում է միմիայն քաղաքական բնույթ:
«Միջազգային իրավասու կառույցների գործնական քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտման, հայերի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը:
Ներկայացնելով առկա խնդիրների խիստ հրատապությունը՝ միջազգային գործընկերներիս խնդրել եմ.
Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ՝ դադարեցնելու վերջինիս անմարդկային քաղաքականությունը,
ձեռնարկել գործուն քայլեր՝ Արցախը Հայաստանին և ողջ աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու նպատակով։
Շեշտել եմ՝ վերոգրյալի կապակցությամբ իրենց գնահատականն ու գործուն քայլերը կարող են նպաստել 120․000 կյանքի փրկությանը։
Արձագանքներ և՛ կան, և՛ չկան. այդուհանդերձ, ես շարունակելու եմ օպերատիվ կերպով միջազգային հանրությանը տեղեկացնել տարածաշրջանում առկա իրավիճակը, որտեղ մարդու իրավունքները ուղղակիորեն ոտնահարվում են», - նշել է նա: