10/01/2023 13:07
Ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է Ադրբեջանի մաս. ԼՂ ժողովուրդը պետք է Ադրբեջանի իշխանությունների հետ հաղորդակցության մեջ լինի. Նիկոլ Փաշինյան
Այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է Ադրբեջանի մաս, մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Aysor.am-ի հարցին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք, գուցե նաև, այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերն ուղղակի տեքստեր են թղթի վրա գրված ու մենք կարող ենք նաև չնկատելու տալ, դա մի մոտեցում է եղել, որի մասին պետք է մտածենք», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ԼՂ հարցում Հայաստանի քաղաքականությունը, խոսույթը, ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են, ինչը իր հետ բերել է հետևանքներ:
«Այն, որ մենք Անկախության հռչակագրում հղում ենք արել ԼՂ ինքնավար մարզի ու Հայաստանի Հանրապետության վերամիավորման մասին Գերագույն խորհրդի ու Ազգային խորհրդի համատեղ որոշմանն ու դրանից մեկ տարի անց տեղի է ունեցել հանրաքվե ԼՂ անկախության հռչակման մասին, ու 2007 թվականին մենք Մադրիդյան սկզբունքներով ընդունել ենք, որ ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում՝ ապագայում տեղի ունենալիք հանարաքվեով, մենք, փաստորեն, հերքել ենք 1995 թվականի դեկտեմբերի հանրաքվեն։ Այդ ամենը դրա արտահայտությունն է: Եթե 2007 թվականի հանրաքվեն չի որոշել ոչ մի կարգավիճակ, հետևաբար, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղը», - ընդգծեց Փաշինյանը:
Նա ասաց, թե իրենց քաղաքականությունն այնպիսին է, որ աջակցեն՝ ԼՂ ժողովուրդը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակի մնալ հայ, իրեն համարի ղարաբաղցի:
«Դեռևս 2018 թվականից մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրն ու ԼՂ հարաբերությունները, այլ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի, ԼՂ ժողովուրդն է, որ պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այս համատեքստում պետք է որոշվի հարցը», - նշեց Նիկոլ Փաշինյանը: