10/01/2023 09:56
«Ժողովուրդ». Մարդկանց հասանելիք թոշակների վճարումն ու անգամ ծախսը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գլխացավանք է դարձրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կենսաթոշակն անկանխիկ ստանալու կարգը մեծ գլխացավանք է առաջացրել թոշակառուների մոտ: Երեկ այդ պատճառով հայաստանյան բանկերում մեծ ու երկար հերթեր էին. թոշակառուները փորձում էին քարտեր հանել: Նշենք, որ թոշակառուների մեծ մասը դեռ չի հասցրել ընտրել թոշակ վճարող կազմակերպությունը, այդ իսկ պատճառով երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես մարզային բանկերում, հերթեր էին գոյացել:
Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից Հայաստանի հազար և ավելի բնակիչ ունեցող գյուղերի մինչև 75 տարեկան բոլոր թոշակառուները, որոնք հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ չունեն, թոշակը ստանում են անկանխիկ եղանակով` քարտով։ Բացի այս, մեկ այլ խնդիր ևս. Հայաստանի հեռավոր և սահմանամերձ գյուղերում ապրող թոշակառուն հնարավորություն չունի քարտով առևտուր անել կամ կանխիկացնել գումար, այդ նպատակով նա ստպված է լրացուցիչ գումար ծախսել՝ հասնելու մոտ գտնվող քաղաք:
Մի խոսքով, մարդկանց հասանելիք թոշակների վճարումն ու անգամ ծախսը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գլխացավանք է դարձրել»։