10/01/2023 13:14
Եթե ՌԴ-ն իր պարտավորությունները չի կարողանում կատարել, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ՝ իր խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ ԼՂ նոր՝ բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու համար․ Փաշինյան
«Սա մեծ հաշվով սադրանք է, որն ունի երկու նպատակ՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների կամքը՝ ապրելու սեփական տանը, սեփական հայրենիքում, երկրորդը՝ Հայաստանին ներքաշելու ավելի մեծ սադրանքի մեջ»,- Լաչինի միջանցքն արգելափակելու՝ Ադրբեջանի նպատակներն այսպես մեկնաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսի ընթացքում։
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմն այս խնդրին պետք է հետևողական և մտածված քայլերով արձագանքի։
«Առաջինը՝ եղած միջազգային արձագանքը պետք է փորձենք կապիտալիզացնել հենց Լեռային Ղարաբաղում, հենց Լաչինի միջանցքում։ Այստեղ շատ կարևոր է ՌԴ դիրքորոշումը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը»,- նշեց նա, ապա հիշեցրեց Լաչինի միջանցքի շրջափակումից առաջ իր հարցազրույցներից մեկում արած հայտարարությունը․
«Ես ասել եմ, որ եթե պարզվի, որ ՌԴ այդ պարտավորությունները չի կարողանում կատարել՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու, կամ Լեռնային Ղարաբաղ նոր բազմազգ խաղաղապահ առաքելություն ուղարկելու համար, որը կապահովի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը»։