11/01/2023 16:16
Տեսեք, թե ովքեր են ռազմաքաղաքական ղեկավարության կազմում և պարզ կդառնա, որ նույնիսկ համեմատական առումով բարենպաստ զարգացման հնարավորություն չունենք․ Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանն այսօր ագրեսիվ է և՛ իր գործողություններում, և՛ վարած քաղաքականությունում, և՛ հռետորաբանության մեջ այն պատճառով, որովհետև իր համար այս տարածաշրջանում բարենպաստ դաշտ է ձևավորվել, և այդ բարենպաստ դաշտն իր համար ձևավորել են Հայաստանի ներկայիս իշխանությունները, ուստի այս պայմաններում Ադրբեջանը գործում է այնպես, ինչպես վերջին 2-3 տասնամյակում դրա հնարավորությունը չի ունեցել»,- «Անվտանգային մարտահրավերներ» թեմայով քննարկման շրջանակներում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ 2018 թվականից սկսած՝ ոչինչ չի արվել Ադրբեջանի գործողությունները կանխելու կամ զսպելու ուղղությամբ, այնինչ իշխանության ղեկին հայտնված ուժն իշխանավարման առաջին իսկ օրվանից պետք է աշխատանքային մեծ ճակատ ձևավորեր արտաքին քաղաքական դաշտում և անվտանգության ոլորտում։
«Չի ստեղծվել կառավարման այնպիսի արդյունավետ համակարգ՝ անվտանգության, բաղադրիչով, արտաքին քաղաքական բաղադրիչով, ինչն ինքնին կզսպեր ադրբեջանական ագրեսիան»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Տվյալ իրավիճակում, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Հայստանի իշխանության մոտ կամք ու ցանկություն ծագի՝ որևէ ձևով հակազդելու ադրբեջանական գործողություններին, դա իրականացնելու հնարավորությունն արդեն չկա, հավելեց պատգամավորը։
«Պարզապես մի բան կասեմ՝ տեսեք, թե ովքեր են ռազմաքաղաքական ղեկավարության կազմում, ովքեր են գլխավոր գործող անձինք՝ սկսած գերագույն գլխավոր հրամանատարից, վերջացրած հիմնական գործող անձանցով, ովքեր պատերազմական իրավիճակում հիմնական դերակատարներն են և, բնականաբար, արդեն բոլորի համար պարզ կլինի, որ եթե նույնիսկ մեծ ցանկություն ու կամք էլ այս պահին առաջանա, ապա այս մարդիկ, ովքեր իշխանության ղեկին են, չունեն ռեսուրս, չունեն պոտենցիալ, չունեն պատկերացում և, առհասարակ, չունեն էֆկտիվ գործելու հնարավորություն՝ այս իրավիճակում մեզ համար գոնե համեմատական առումով բարենպաստ սցենարային զարգացմամբ շարժվելու»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։