11/01/2023 17:17
Բնական ռեսուրսների շուրջ վեճը ցույց է տալիս, թե ինչու է Հայաստանի և Ադրբեջանի համար այդքան կարևոր միմյանց հետ համագործակցելը․Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է տեղեկություններին, որ Արցախի հանքերի շահագործման իրավունքն Ադրբեջանը վաճառել է Միացյալ Թագավորությանը։
Հարցազրույցից հատվածը՝ ստորև․
-Շրջանառվող տարբեր լուրերի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հանքերի շահագործման իրավունքն Ադրբեջանը վաճառել է Միացյալ Թագավորությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը՝ հաշվի առնելով, որ միջանցքն արգելափակած ադրբեջանցիները բողոքում են Լեռնային Ղարաբաղի կողմից այդ հանքերը շահագործելու դեմ:
-«Anglo Asian Mining» ընկերության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագիրը մասնավոր կոմերցիոն գործարք է։ Թեև «Anglo Asian Mining»-ը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, Միացյալ Թագավորության կառավարությունը բաժնեմաս չունի ընկերությունում և ներկայացված չէ նրա կառավարման խորհրդի կազմում: Բնական ռեսուրսների նկատմամբ իրավունքների շուրջ վեճը ցույց է տալիս, թե ինչու է այդքան կարևոր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար համագործակցել միմյանց հետ՝ հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: