11/01/2023 17:38
Միացյալ Թագավորությունը չի արգելափակել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը. Ջոն Գալագեր
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հայտարարում է, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը, որը պետք է ընդունվեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ քննարկումից հետո: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Ջոն Գալագերը շեշտել է, որ իրենք բարեխղճորեն աշխատել են բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չի եղել մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար:
- Պարոն դեսպան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից արգելափակելու վերաբերյալ քննարկման ժամանակ Ֆրանսիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ թեմայի շուրջ հայտարարության նախագիծ են ներկայացրել, որը, սակայն, այդպես էլ չընդունվեց: Դրան հաջորդեցին լուրերը, որ ի թիվս այլ երկրների՝ նաև Միացյալ Թագավորությունն է խոչընդոտել հայտարարության ընդունմանը: Ադրբեջանն էլ շնորհակալություն էր հայտնել Միացյալ Թագավորությանը, Ռուսաստանին, Ալբանիային և ԱՄԷ-ին հայտարարության ընդունումը ձախողելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:
- Ես չեմ կարող մեկնաբանություն տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև փակ քննարկումների վերաբերյալ, սակայն կարող եմ նշել, որ Միացյալ Թագավորությունը մասնակցում էր այդ քննարկումներին, որոնց նպատակն էր հայտարարություն ընդունել ի պաշտպանություն Լաչինի միջանցքի վերաբացման: Ցանկանում եմ ընդգծել, որ Միացյալ Թագավորությունն այս հարցում իր գործողությունները չի համակարգել Ռուսաստանի, Ալբանիայի և ԱՄԷ-ի հետ, և կարող եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը:
Մենք չափազանց անհանգստացած ենք ճանապարհի փակման հումանիտար հետևանքներից և բազմիցս կոչ ենք արել այն վերաբացել։ Մենք բարեխղճորեն աշխատեցինք բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար: