11/01/2023 10:49
Պետք է անենք ամեն ինչ՝ ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը. Մալթայի Ուխտի ղեկավար
Պետք է անել ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը, այս մասին հայտարարել է Մեծ վարպետի տեղապահ Ֆրա՛ Ջոն Դանլեփը՝ ելույթ ունենալով Մալթայի Ինքնիշխան Ուխտում հավատարմագրված դեսպանների հետ տարեկան հանդիպմանը։
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը։ Մալթայի Ուխտը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին աշխատելու վեճերի խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասել է նա, ում խոսքերն է մեջբերել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։
Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հաստատվել են 1998թ․ և դրանք պայմանավորված են վերջինիս որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով:
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակված է նաև Մալթայի Ուխտում (պաշտոնական անվանումը՝ Երուսաղեմի Սրբ․ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) արտակարգ և լիազոր դեսպան։