12/01/2023 19:08
Ցրտահարության տեսակներն ու առաջին բուժօգնության կանոնները
Ցրտահարությունը մարմնի սահմանափակ տարածքի ախտահարում է՝ դրա վրա ցածր ջերմաստիճանի ազդեցության պատճառով։ Դա կարող է տեղի ունենալ սառը ջրի, սառույցի, օդի, տարբեր սառած առարկաների հետ շփման ժամանակ։
Ամենից հաճախ ցրտահարությունն առաջանում է, երբ ցածր ջերմաստիճանը զուգակցվում է ցուրտ քամիների, բարձր խոնավության, վատ սնվելու կամ սեզոնային վարակների հետևանքով մարմնի թուլության հետ։
Հարբած վիճակում գտնվող մարդն ավելի վատ է զգում ցածր ջերմաստիճանը, հետևաբար, ցրտահարվելու ավելի մեծ ռիսկ ունի:
Ամենից հաճախ ցրտահարվում են մարմնի այն մասերը, որոնք գտնվում են սրտից հեռու, ինչպես նաև նրանք, որոնք ծածկված չեն հագուստով` մատների և ոտքերի ծայրեր, քթի ծայր, ականջի բլթակներ, շուրթեր:
Հարկ է նշել նաև, որ կիպ հագուստն ու կոշիկները սեղմում են արյունատար անոթները, խաթարում արյան շրջանառությունը և նպաստում ցրտահարության առաջացմանը։
Ցրտահարության ախտանիշները անմիջապես ի հայտ չեն գալիս։ Սառը ժամանակ մաշկը միայն գունատվում է և կորցնում իր զգայնությունը: Հիմնական ախտանշանները հայտնվում են այն բանից հետո, երբ մարդը մտնում է տաք սենյակ, և մարմնի տուժած հատվածը սկսում է տաքանալ:
Կախված դրսևորումների ծանրությունից՝ առանձնանում են ցրտահարության չորս աստիճան.
Տաքանալուց հետո մաշկը այտուցվում է, ձեռք է բերում մանուշակագույն երանգ։ Տուժածին անհանգստացնում է հոդերի ցավը և թմրությունը։
Ցածր ջերմաստիճանի ազդեցությունից 1-2 օր հետո մաշկի վրա հայտնվում են բշտիկներ, որոնք պարունակում են դեղնավուն հեղուկ։ Դրանք բացվելուց հետո ցավոտ վերքեր են առաջանում, որոնք ամբողջությամբ ապաքինվում են մոտ 2-3 շաբաթվա ընթացքում։
Հյուսվածքների նեկրոզ է առաջանում: Մաշկը ստանում է մուգ մանուշակագույն-կապույտ գույն։ Առաջանում են մեծ բշտիկներ, որոնց ներսում արնախառն հեղուկ կա։ Աստիճանաբար մեռած հյուսվածքները պոկվում են, խոցեր են մնում, որոնք անցնում են միջինում 1-3 ամսվա ընթացքում։
Ամենածանրն է ցրտահարության չորրորդ աստիճանը. Հյուսվածքների նեկրոզը թափանցում է մինչև ոսկորների խորքը: Աստիճանաբար մեռած հյուսվածքները մումիֆիկացվում են։
Տուժածին անհրաժեշտ է ցուցաբերել առաջին օգնություն։ Առաջին հերթին, նրան պետք է տաքացնել տաք, չոր սենյակում: Չի կարելի ձեռքերը կամ ոտքերը անմիջապես դնել տաք ջրի մեջ: Ցրտահարության ժամանակ արյան անոթները սեղմվում են, իսկ նյութափոխանակությունը հյուսվածքներում գրեթե դադարում է։ Կտրուկ տաքացման արդյունքում նյութափոխանակությունը ակտիվանում է, բայց արյաննորմալ հոսքը դեռ չի հասցնում վերականգնվել։ Հյուսվածքները զգում են թթվածնի կարիք, բայց չեն ստանում այն: Սա կարող է հանգեցնել նույնիսկ ավելի խորը խնդրի:
Առաջին և երկրորդ աստիճանի ցրտահարությունը բուժվում է առանց վիրահատության։ Բժիշկը կարող է նշանակել հակաբորբոքային դեղեր, հակաբիոտիկներ, արյան հոսքը բարելավող դեղեր։ Բուժումը, կախված վնասված տարածքից և հիվանդի վիճակի ծանրությունից, կարող է իրականացվել տանը կամ հիվանդանոցում:
Երրորդ և չորրորդ աստիճանի ցրտահարության դեպքում վիրաբուժական միջամտություն է կատարվում, բոլոր մեռած հյուսվածքները կտրվում են:
Լիարժեք վերականգնման համար նշանակվում են ֆիզիոթերապիա, հանքային ջրի և ցեխի լոգանքներ։ Բուժման տևողությունը կախված է ցրտահարության ծանրությունից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։