12/01/2023 17:24
Վերջին շրջանի քաղաքական, դիվանագիտական անցուդարձերի «արդյունքը» հավանաբար կլինի Արցախի ծիծաղելի, ձևական կարգավիճակի առաջարկը Ադրբեջանի կազմում․ Կամո Աթայան
ՀՀ կառավարության նիստում հայտարարվեց Ադրբեջանի հետ Արցախի Հանրապետության քաղաքական զրույցի ծավալման անհրաժեշտության մասին…
Վերջին մի քանի շաբաթների քաղաքական դիվանագիտական շփումները, դրանց աննախադեպ աճը, ընդգրկուն աշխարհագրությունը, քաղաքական հզոր կենտրոնների ներգրավվածությունը, մեկ-մեկ տեղի ունեցող հասցեական տեղեկատվական արտահոսքերը, մեկամսյա շարունակվող շրջափակումը որպես նպատակային միջազգային «մերձեցման քայլլ» ներկայացնելը, միաժամանակյա հարցազրույցները հուշում են որ այսօրվա հրատապ խնդիրը ոչ թե Արցախի խնդրի՝ ինքնորոշման հենքի վրա լուծումն է, կամ այդ հարցը ապագային թողնելու ուղիների որոնումն է, այլ բոլորովին ուրիշ բան: Ինչպես մեկ դար առաջ տեղի ունեցավ ԼՂԻՄ-ի ձևավորում՝ ԽՍՀՄ-ի ընդհանուր կառուցվածքում և Ադրբեջանի կազմում, այնպես էլ հիմա, հավանաբար, տեղի է ունենում գործընթաց, և «աշխարհի հորդորների արդյունքում» Ադրբեջանի սուլթանը և ժողովուրդը մեծահոգաբար իրենց «պետության» մեջ ապրող հայերին կտան ինչ-որ մի ձևական, անբովանդակ կարգավիճակ, ու դա աշխարհին կփորձեն ներկայացնել, որպես «երկու հարևան ժողովուրդների ապագային միտված կարևոր քայլ, և մեծահոգի վերաբերմունք թուրքադրբեջանական տանդեմի կողմից»:
Նույնիսկ նշմարվում է Լաչինի միջանցքը հայերին, «Զանգեզուրի միջանցքը»՝ թուրքերին կործանարար բանաձևը…
Կուլ կտա՞ նման խայծը ՀՀ-ն․ կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները դա նույնիսկ կհամարեն իրենց «հերթական տպավորիչ հաղթանակը» …
Ինչպե՞ս կընդունվի դա Արցախի ժողովրդի կողմից: Կարծում եմ՝ ժողովուրդը ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա ոտքի կկանգնի ու նոր պայքար կսկսի հանուն իր իրավունքների և ազատության։ Վերջին երկու հուժկու հանրահավաքները Ստեփանակերտում, կարծում եմ, դրա վառ ապացույցն է…
Ինչպե՞ս կվերաբերվի հարցին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը: Կարծում եմ՝ նոր ոգով ու նոր առաջնորդով, նոր մոտեցումներով համայն հայությունը կշարունակի և հաղթական ավարտի կհասցնի իր պայքարը…
Արդյունքում հստակորեն կերևա ներկայիս անկարող ու հողատու իշխանության իրական դեմքը ու նրա ՝ Հայ ժողովրդին պատճառած ահռելի, ողբերգական վնասների չափը…
Փաստորեն փորձ է արվում Արցախի միջազգային հնչեղություն ստացած ու քայլ առ քայլ ինքնորոշման անքակտելի իրավունքի հենքի վրա լուծվող հարցը գլխիվայր շուռ տալ ու կրկին, ինչպես 100 տարի առաջ, մտցնել թուրքադրբեջանական երախի մեջ: Չի ստացվելու, հայ ժողովուրդը արժանապատիվ, նամուսով էթնոս է ու աննամուս, ազգադավ իշխանություն ունենալը դեռևս չի նշանակում ազգային ոգու և արժանապատվության իսպառ բացակայություն: Ի վերջո, մեր բազմադարյա պատմության զգալի հատվածում մենք նույնիսկ իշխանություն էլ չենք ունեցել, բայց դիմակայելով հասել ենք 21-րդ դար….
Թող և՛ աշխարհի հզորները, և՛ քրիստոնյա աշխարհը իմանան, որ նավթահոտ դոլարներով ու հարակից էներգապաշարներով ազգային խնդիր ճնշելը կամ այն չտեսնելուն տալը ոչ միայն անբարոյական է և իրենց պատիվ չի բերում, այլև վաղը, մյուս օրը իրենք են լինելու իրենց հովանավորած թուրքի ֆաշիստական ռեժիմի զոհը…
Հ.Գ. 1. Հայ ժողովուրդը այսքան ձեռքբերումներից ու ողբերգական կորուստներից հետո դաս կքաղի վերջին 30 տարիների ճակատագրական սխալներից, և հարկադիր ձևով՝ միջազգային օրենքների տառին ու ոգուն համապատասխան, ՀՀ-ն կճանաչի Արցախի Հանրապետությունը:
Հ.Գ. 2. Համայն հայության միաբանությամբ, հնարավորինս անարյուն, խելամիտ պայքարի շնորհիվ կլուծվի Արցախի խնդիրը՝ հայերի արժանապատվության, նամուսի և լինելիության խնդիրը…