12/01/2023 19:23
Ադրբեջանն օգտագործում է ենթակառուցվածքային խոցելիությունը՝ շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին ահաբեկելու և հավելյալ տառապանքներ պատճառելու համար․ Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով գտնվում է Հայաստանում, հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանն ուղղված ահաբեկչական քաղաքականության վերաբերյալ․
«Արցախի ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրած փաստերի համաձայն՝ հունվարի 12֊ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի հատվածում (շրջափակման վայր) դիտավորյալ կտրել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։
Օգտվելով այն հանգամանքից, որ դեպի Արցախ եկող ենթակառուցվածքներն անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ադրբեջանական կողմը միտումնավոր կաթվածահար է անում կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը, որի վառ ապացույցն է գազամատակարարման խաթարումները (2022 թ․ մարտ, 2022 դեկտեմբեր), էլեկտրական բարձրավոլտ լարերի վերականգնմանը հունվարի 9-ից խոչընդոտելը, Արցախի տարածքում համացանցի և բջջային կապի պարբերական խաթարումները։
Արցախի ամբողջական շրջափակման պայմաններում ենթակառաուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ է հետապնդում Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկելու հավելյալ տառապանքների և մարդկային անտանելի պայմաններ ստեղծելու Արցախում։
Ադրբեջանի վարքագիծը անարգանք է մարդու իրավունքների օրակարգի, մարդասիրական արժեքների և քաղաքակրթության նկատմամբ։ Պետություններն ու միջազգային կառույցները և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը»։