12/01/2023 14:20
Հայաստանի իշխանություններն արդեն ասել են, թե Արցախին որքանով կարող են օգնել, շնորհակալ ենք դրա համար, բայց այս իրավիճակում մեզ ավելի շատ ուղղություններով է օգնություն պետք. Վարդանյան (Տեսանյութ)
Մենք ունենք լուրջ խնդիր. մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, իսկապես 100 տոկոսով չեն հասկանում, թե ինչ է նշանակում բլոկադան, շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան բլոկադայի դժվարությունները, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Իրավիճակի վերաբերյալ արձագանքը և՛ հասարակական կազմակերպություններից, և՛ պետական մարմիններից, և՛ Ազգային ժողովից ավելի բարձր պետք է հնչեր, որովհետև, իսկապես, դժվար է այդ ձայնը աշխարհում լսելի դարձնելը։ Սա նորմալ իրավիճակ չէ, սա մի իրավիճակ է, որը պահանջում է արտահերթ քայլեր», - ասաց Ռուբեն Վարդանյանը։
Հարցին, թե ինչ է սպասում Հայաստանի իշխանությունից՝ Վարդանյանը պատասխանեց.
«Հայաստանի իշխանությունն իր դիրքորոշումն արդեն հայտարարել է։ Իրենք աջակցում են ֆինանսական, իրավական ուղղությամբ և ասում են, թե այսքանը կարող ենք անել, ավելին անել չենք կարող։ Կապ չունի, թե մենք ինչ ենք սպասում, իրենք իրենց պատասխանը տվել են, թե կարող ենք այսքանն անել։ Մենք շնորհակալ ենք դրա համար, ուղղակի այս իրավիճակում մեզ ավելի շատ ուղղություններով է օգնություն պետք։ Իրենք ասել են՝ այսքանը կարող ենք անել»։