12/01/2023 11:54
Պարզ է, որ եթե ՀՅԴ-ն ՍոցԻնտերնում Բերձորի միջանցքը բացելու պահանջով հակաադրբեջանական հայտարարություն է անցկացնում, ապա Նիկոլն էլ այստեղ պետք է ՀՅԴ-ականներ ձերբակալի․ Քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված ՀՅԴ-ի գործունեությանը Հայաստանում հաջորդում են հալածանքներ՝ քաղաքական այդ ուժի նկատմամբ։ Քաղաքագետն այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության տեսանկյունից օրինաչափ է համարել։
«Մի կողմից լուրեր ու մեկնաբանություններ բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքի մասին, մյուս կողմից՝ Արցախն այս վիճակից դուրս բերելուն ուղղված գործողություններ, որոնք կազմակերպվել են ՀՅԴ կողմից միջազգային հարթակներում։
Մտածում եմ՝ ամեն ինչ օրինաչափ է։ Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ այստեղ պետք է հալածի դաշնակցականներին։ Եթե ՀՅԴ-ն ՍոցԻնտերնում Բերձորի միջանցքը բացելու պահանջով հակաադրբեջանական հայտարարություն է անցկացնում, ապա Նիկոլն էլ այստեղ պետք է դաշնակացականներ ձերբակալի։
Ի՞նչն է սխալ։ Ամեն մեկն իր դերում ու առաքելության շրջանակներում է մնում»,- սոցցանցում գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։