12/01/2023 14:10
Սա այն Սարդարապատն է, որտեղ պետք է բոլորս միանանք և հաղթահարենք, սա միայն Արցախի հարցը չէ՝ ամբողջ հայկական աշխարհի հարցն է. Ռուբեն Վարդանյան
Այս պայքարն ավելի խորքային ու ծանր է, քան թվում է. Արցախի շրջափակման թեմայով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մեր առջև դրված է 3 ճանապարհ. կա՛մ դուք ենթարկվում եք Ադրբեջանի օրենքներին և ապրում եք որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կա՛մ դուք այստեղից դուրս եք գալիս, կա՛մ պետք է հաղթահարեք պայքարի այս մարտահրավերը։ Մենք կանգնած ենք շատ լուրջ որոշման առջև. կա՛մ մեր մեջ ուժ ենք գտնում, և Հայաստանում ու աշխարհում մեր ընկերները հասկանում են, որ սա 120 հազար մարդու կյանքի իրավունքի հարցն է, ոչ թե ճգնաժամի և բլոկադայի։
Սա միայն Արցախի հարցը չէ, սա ամբողջ հայկական աշխարհի հարցն է։ Արցախը խորքային արմատն է», - ասաց պետնախարարը։
Նա նշեց, որ արցախցիներն իրավունք ունեն իրենց հողի վրա ապրելու՝ իրենց իրավունքներով և արժեքներով։
«Դրա համար անում ենք ամեն ինչ։ Սա այն Սարդարապատն է, որտեղ պետք է բոլորս միանանք և հաղթահարենք», - ասաց Ռուբեն Վարդանյանը։