12/01/2023 12:23
«Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանն այն պարագայում, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները միևնույն հարցի շուրջ էականորեն տարբերվում են»․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հունվարի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի հայկական կողմը պատրաստ է ստորագրել ռուսական առաջարկների հիման վրա արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը։
«Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանն այն պարագայում, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները միևնույն հարցի շուրջ էականորեն տարբերվում են։ Նշված ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ինչպես ռուսական առաջարկների հիման վրա, այնպես էլ հակամարտության՝ Արևմուտքի կողմից առաջ տարվող ինչ-որ «համակարգային լուծման» մասին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի մեկնաբանություններում մանրամասն շարադրվել են ռուսական ջանքերը՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մեխանիզմների շրջանակում, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների և ուղեկցող եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում։
Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման հարցում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հիմնվելու Երևանի համաձայնությունը, որն ամրագրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովից հետո արված հայտարարությունում, արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատվում է Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում։
Ցանկանում ենք հիշեցնել նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Երկու երկրների ղեկավարները համաձայնել էին դրան։ Հանդիպումն անցկացնելու համար ամեն ինչ պատրաստված էր։ Բայց հենց Հայաստանի ղեկավարությունը վերջին պահին չեղարկեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը։ Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող այլ կարևոր հարցեր, ներառյալ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Եթե մեր հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի իրագործման միջոցով նշված խնդիրների լուծմամբ, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական կողմի առաջարկը մնում է ուժի մեջ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։