12/01/2023 11:17
Լեռնային Ղարաբաղին էլէներգիայի մատակարարման խափանումը նոր պրոբլեմներ է ստեղծել. փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը. Նիկոլ Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր. երկուշաբթի օրը խափանվել է ԼՂ-ին Հայաստանից էլեկտրական էներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ասաց՝ խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում ու մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռնվել ո՛չ ԼՂ համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու ընթացքի վերաբերյալ։
«Լեռնային Ղարաբաղին էլէներգիայի մատակարարման խափանումը նոր պրոբլեմներ է ստեղծել, սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում, մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով, փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ-ում», - ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց՝ իր գնահատականը շարունկում է մնալ նույնը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենքիում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու նպատակ ունի։
«Բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է»,- ասաց նա։