13/01/2023 11:14
Մեծ Բրիտանիան թարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել են Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց ուղեցույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոփոխությամբ հստակեցվում է հետևյալը.
«Ռազմական սարքավորումների ցանկում ներառված ապրանքների մատակարարումն այլ վերջնական օգտագործողներին, ինչպիսին են մարդասիրական, խաղաղապահ, հետազոտական կամ լրատվական կազմակերպությունները, չեն համարվի էմբարգոյի ենթակա, եթե չկա որևէ պետության զինված ուժերի, ոստիկանության կամ անվտանգության ուժերի նկատմամբ դիվերսիայի հստակ վտանգ»։
1992 թվականի փետրվարին ԵԱՀԿ-ն բոլոր մասնակից երկրներից պահանջել էր էմբարգո սահմանել «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություն իրականացնող ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումների վրա»։ Այս էմբարգոն դեռ գործում է։
2014 թվականի հուլիսի 2-ին Միացյալ Թագավորությունը հստակեցրել էր, որ զենքի էմբարգոն տարածվում է Միացյալ Թագավորության ռազմական ցուցակի (որը հանդիսանում է Միացյալ Թագավորության արտահանման ռազմավարական հսկողության ցուցակների մի մասը) բոլոր ապրանքների և տարրերի արտահանման, մատակարարման կամ առաքման վրա, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի շրջանում կամ Ադրբեջանի և Հայաստանի ցամաքային սահմանին: