13/01/2023 10:56
Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի․ Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային հանրությանը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ պահանջ-գրություններ է հասցեագրել միջազգային հանրությանը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում․
«Շտապ ապահովել հայկական կողմի մուտքը վթարի գոտի՝ վերականգնելու հոսանքի մատակարարումը Արցախ․ հրատապ պահանջ` միջազգային հանրությանը։
Մեկ ամսից ավելի է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունն Արցախում՝ փաստացի պատանդ պահելով 120 000 մարդու, որից 30 000-ը՝ երեխա, 20 000-ը՝ ծեր, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող։
Ադրբեջանն Արցախում ստեղծել է հումանիտար արտակարգ իրավիճակ, որի հետևանքով՝
Ձմեռային ցուրտ պայմաններում Արցախը հոսանքազրկված է. Հայաստանից սնուցվող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար: Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հատվածում հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ,
Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները և խոչընդոտում է նորոգման աշխատանքներին,
Ադրբեջանը արգելափակել է սննդամթերքի, դեղորայքի և, առհասարակ, բոլոր մատակարարումներն Արցախ,
Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից, սննդի պակասի պատճառով փակվել են ավելի քան 100 կրթական հաստատություններ,
Հազարավոր ընտանիքներ բաժանված են, երեխաները գտնվում են ծնողներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։
Ադրբեջանին անպատժելի թողնելու պայմաններում Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ադրբեջանի այս հանցավոր քաղաքականության նպատակն է հայաթափել Արցախը։ Դրա վկայությունն է նաև Ալիևի վերջին հայտարարությունը, որ եթե հայերը Արցախում չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացի լինել՝ միջանցքը բաց է, կարող են գնալ»։