13/01/2023 09:41
«Ժողովուրդ». Իշխանությունը մտադիր է ՍԴ դիմել՝ միջնորդելով Իշխան Սաղաթելյանին զրկել մանդատից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ է հրավիրելու, որի ընթացքում էլ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորների մասով որոշում կկայացվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թիրախում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն է: Թեև բացակաների թիվը գերազանցած պատգամավորները 22-ն են, բոլորն էլ՝ «Հայաստան» խմբակցությունից, բայց տեղեկացանք, որ Սաղաթելյանի բացակայություններն ավելի շատ են, և իշխանությունը մտադիր է ՍԴ դիմել միայն Իշխան Սաղաթելյանի մասով՝ միջնորդելով զրկել նրան մանդատից;
Այս առիթով մեկնաբանություն խնդրեցինք ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից, որն ասաց. «Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, վաղը խորհրդի նիստն է որոշելու»:
Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Սեյրան Օհանյանը արդեն տևական ժամանակ է՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում են, ամեն կերպ փորձում են դաշտից հեռացնել ընդդիմադիր երկու պատգամավորներին: Ընդդիմադիրները, նշենք, վաղվա խորհրդի նիստին չեն մասնակցի»։