13/01/2023 18:46
«Որպեսզի նրանք չկորցնեն իրենց հեքիաթն ու շարունակեն երազել»․ Արցախի շրջափակման հետևանքով կիսված ընտանիքների երեխաների համար Ստեփանակերտում միջոցառում է կազմակերպվել
Արցախի շրջափակման հետևանքով կիսված ընտանիքների երեխաների համար կազմակերպվել է միջոցառում Ստեփանակերտում հունվարի 13-ին կազմակերպվել է միջոցառում, տեղեկացնում է «Արցախպրես»-ը։
Երեխաների համար ցուցադրվել է տիկնիկային ներկայացում, նրանց հյուր են եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը և նվերներ բաժանել։
«Շրջափակման հաջորդ օրը մեր գերատեսչության աշխատակիցները ձևավորել են արագ արձագանքման խմբեր, և յուրաքանչյուրը, իր աշխատանքային գործառույթներին համապատասխան, կցվել է այս աշխատանքին և աջակցում է մեր հայրենակիցներին։ Ծրագրերը բազմապիսի էին, տրամադրվում էր տակդիր, հագուստ, մանկական կեր, դեղորայք։ Բայց այս ամենի կողքին կարևոր էր նաև հոգեբանական վիճակն այն երեխաների, ովքեր մնացել էին Արցախում, իսկ ծնողները՝ Հայաստանի Հանրապետությունում։ Կապ ենք հաստատել դպրոցների հոգեբանների հետ և համատեղ ուժերով կազմակերպել այսօրվա միջոցառումը, որի նպատակն է համախմբել երեխաներին, որպեսզի նրանք չկորցնեն իրենց հեքիաթն ու շարունակեն երազել, համոզված լինեն, որ իրենց կողքին ոչ միայն իրենց հարազատներն ու խնամակալներն են, այլև՝ ամբողջ հանրապետությունը՝ ի դեմս մեր նախարարության»,-ասել է գերատեսչության Սոցիալական հոգեբանության աջակցության կենտրոնի հոգեբան Ռուզաննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու։