14/01/2023 17:16
Այրոց. Առողջական ի՞նչ խնդիրների մասին է հուշում երևույթը, որո՞նք են առաջացման պատճառներն ու ախտանշանները
Շատերի մոտ տարածված խնդիր դարձած այրոցը արտահայտվում է կրծքավանդակի հատվածում անհանգստությամբ, որը կարող է ուղեկցվել բերանի տհաճ թթվային համով, հազով կամ զկռտոցով, խռպոտ ձայնով, փքվածությամբ, բերանի տհաճ հոտով և այլն:
Այրոցն առաջանում է ստամոքսահյութի բաղադրիչների (մասնավորապես՝ աղաթթու, լեղաթթուներ և մարսողական ֆերմենտներ) ազդեցությամբ՝ կերակրափողի լորձաթաղանթի վրա:
Այն հաճախ բնական երևույթ է մարդու օրգանիզմի համար, բայց որոշ դեպքերում կարող է ազդարարել հիվանդության մասին: Պետք չէ անհանգստանալ, եթե այն առաջանում է հիմնականում օրվա ընթացքում և ուտելուց հետո, չի ուղեկցվում ծանր անհանգստությամբ, դրա հաճախականությունն ու տևողությունը փոքր են։ Բայց կան նաև մտահոգվելու մի քանի հստակ պատճառներ.
Ստամոքսի պարունակությունը կերակրափող վերադառնալը, որը տեղի է ունենում հաճախակի՝ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը, երբ կերակրափողի լորձաթաղանթը բորբոքվում է և անհարմարություն առաջացնում։
Այս վիճակը կոչվում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն: Սա խրոնիկ հիվանդություն է, որը խաթարում է կյանքի որակը և հանգեցնում է տարբեր բարդությունների:
Դրանք ներառում են՝
կերակրափողի լորձաթաղանթի վրա էրոզիայի և խոցերի առաջացում և բորբոքում,
շերտավորված էպիթելի հյուսվածքի փոխարինում մկանային հյուսվածքով,
կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացում:
Վերջինս կարող է գուգորդվել նաև մի շարք հիվանդությունների հետ՝ գաստրիտ, գաստրոդոդենիտ, պեպտիկ խոց, դիսպեպսիա, գրգռված աղիքի համախտանիշ։
Խորհուրդ է տրվում բժշկի հետ խորհրդակցել հետևյալ ախտանիշներն ի հայտ գալուն պես.
այրոցն առաջանում է շաբաթական մի քանի անգամ,
չի անցնում առանց դեղամիջոցի,
բացի այրման զգացումից, առկա է նաև սրտխառնոց կամ փսխում,
դժվարանում է կլման ռեֆլեքսը։
Բնական այրոցը հիմնականում նկատվում է մի շարք փոփոխությունների ֆոնի վրա, ինչպիսիք են ավելորդ քաշը, հղիությունը (երեխան աճում է արգանդի ներսում և ճնշում է գործադրում այլ օրգանների, այդ թվում՝ ստամոքսի վրա։ Իսկ հորմոնները ստիպում են մկանները հանգստանալ, ինչի հետևանքով ստամոքսից թթուն անցնում է կերակրափող), ծխելը, մի շարք մթերքների օգտագործումը (սուրճ, գազավորված ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, շոկոլադ, անանուխ, լոլիկ, ցիտրուսային մրգեր, սոխը, յուղոտ և կծու մթերքներ):
Վիճակի սրմանը նպաստող գործոն կարող է հանդիսանալ նաև երկարատև սթրեսը և մի շարք հակաբորբոքային ու ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը։
Եթե այրոցը հիվանդության ախտանիշ չէ և պայմանավորված է սովորական գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով, ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն թեթևացնել ախտանիշները.
կերեք ավելի հաճախ և փոքր չափաբաժիններով, ընթրեք քնելուց առնվազն 3-4 ժամ առաջ,
թույլ մի տվեք ձևավորվի ավելորդ քաշ,
բարձրացրեք ներքնակը կամ բարձը, որպեսզի գլուխը և կրծքավանդակը քնած ժամանակ գոտկատեղից բարձր լինեն,
հրաժարվեք որովայնը ճնշող հագուստից։
Անհրաժեշտ է հիշել, որ այրոցի դեմ տարածված ժողովրդական միջոցը՝ սոդան, ավելի շատ վնաս է տալիս օրգանիզմին, իսկ չարաշահման դեպքում հանգեցնում լուրջ բարդությունների։
Սոդան արագ նվազեցնում է ստամոքսահյութի թթվայնությունը և թեթևացնում ախտանիշները, բայց այս ազդեցությունը տևում է բառացիորեն րոպեներ. ի պատասխան թթվայնության մակարդակի կտրուկ նվազմանը, ստամոքսը նորից սկսում է աղաթթու արտադրել: Արդյունքում, դրա պարունակությունը միայն կավելանա, ինչը կհանգեցնի լորձաթաղանթի էլ ավելի գրգռվածության և այրոցի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։