14/01/2023 18:14
Պետությունը կառավարողների միջին օղակում չեն պատկերացնում՝ ինչ եղավ. «Ընտրված պարտություն» գիրքը հատկապես նրանց համար է. Արմեն Մինասյան
«Գրքում չկար որևէ բան, որն ինձ հայտնի չէր, բայց գիրքն ամբողջությամբ ինձ համար նորություն էր, որովհետև հեղինակին հաջողվել է եղած փաստերից, առանց ավելորդ եզրահանգումների, ստանալ ամբողջական պատկեր»,- միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գրքի շնորհանդեսին ասաց «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Հերմինեի աշխատությունն օգնում է հետահայաց նայել տեղի ունեցածին, ամբողջական պատկերի օգնությամբ գնահատել կատարվածը»,- նշեց նա:
Արմեն Մինասյանի գնահատմամբ՝ գրքի հասցեատերերը ոչ միայն փորձագետներն են, լրագրողները, այլ՝ նախևառաջ պետությունը կառավարողները:
«Համոզված եմ, որ պետությունը կառավարողների հատկապես միջին օղակում չեն պատկերացնում՝ ինչ եղավ։ Խորհուրդ կտայի այս գիրքը կարդալ բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, քաղաքական ճամբարներում դիրքավորումից»,- ասաց նա:
Գրքի՝ «Ընտրված պարտություն» վերնագիրը քաղաքագետն ուղերձ է համարում՝ նշելով՝ ապրում ենք պարտության ռեժիմում, այդ ռեժիմը ոչ թե պատմություն է, գիրքն էլ ոչ թե պատմության մասին է, այլ՝ մեր օրերի․ գիրքը ներկայացնում է 2018 թվականի մայիսից 2021թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում տեղ գտած իրադարձությունների ուսումնասիրությունները, վերլուծությունները։ Նպատակն է՝ օգնել հասկանալ պարտության իրական պատճառները:
«Ընտրված պարտություն» գիրքը «Պրոֆիլ» հրատարակչության «Հայացք» մատենաշարի շրջանակներում հրատարակված երկրորդ գիրքն է։ Առաջին՝ «Ճոճանակ․ Արցախյան հակամարտություն՝ 30 տարվա աղմուկը և լռությունը, բանակցություններ և ոչ միայն…» գրքի շնորհանդեսը կայացել էր Արցախում։
Նշված գրքի հեղինակը «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, վերլուծաբան Կարեն Բեքարյանն է։
«Ճոճանակ․ Արցախյան հակամարտություն՝ 30 տարվա աղմուկը և լռությունը, բանակցություններ և ոչ միայն…» գրքի շնորհանդեսն այսօր կայացել է նաև Երևանում։