14/01/2023 09:44
«Ժողովուրդ». Ինչ պաշտոն կզբաղեցնի Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա մարզպետի պաշտոնին ու կառավարական կաբինետ կտեղափոխվի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա Արդարադատության նախարարությունում աշխատանքի կանցնի՝ փոխնախարարի պաշտոն զբաղեցնելով: Մեզ հայտնի դարձավ, որ թեև Շիրակի մարզպետն առ այս պահը շարունակում է պաշտոնավարել, բայց մարզում արդեն պաշտոններ են «բաշխում»:
Այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետի աթոռը զբաղեցնել է ցանկանում ներկա փոխմարզպետ Կարեն Մանուկյանը: Ուշագրավ է, որ Բաղդասարյանի կնքահայր Մանուկյանը բավական սերտ կապեր նաև «նախկինների» հետ ունի: Մեզ տեղեկացրին, որ, օրինակ, 2021թ.-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրու նախընտրական շտաբում է աշխատել՝ համակարգելով Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջանների նախընտրական աշխատանքները:
Բանն այն է, որ Մանուկյանը գեներալ Աշոտ Գիզիրյանի մտերիմն է, իսկ Գիզիրյանն 2021թ.-ի արտահերթ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շտաբի ներկայացուցիչն է եղել: Շիրակի ներկա փոխմարզպետ Մանուկյանը նաև Շիրակի մաքսատան պետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2013-ին կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Անանիա Շիրակացի» մեդալով է պարգևատրվել:
Շիրակյան մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ազգականն է, որը երես է թեքել ՀՀԿ-ից»։