14/01/2023 18:31
«Ադրբեջանի անպատժելիության հետևանքով ծնվեց հերթական նոր հանցագործությունը՝ Արցախի շրջափակումը»․ Ստեփանակերտում «Անպատժելիության հետևանքները» խորագրով քննարկում է կազմակերպվել
Հունվարի 14-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ և Արցախում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Անպատժելիության հետևանքները» խորագրով քննարկում՝ նվիրված Բաքվի հայերի ցեղասպանության 33-րդ տարելիցին, տեղեկացնում է «Արցախպրես»-ը։
Մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
«Ուղիղ 33 տարի առաջ Բաքվում սկսվեց պետական մակարդակով կազմակերպված հայերի ցեղասպանությունը։ Բայց մենք պետք է հստակ արձանագրենք, որ Բաքվի ցեղասպանությունը չի սկսվել 1990 թվականի հունվարի 13-ին։ Երբ դեռ 1988 թվականին Սումգայիթում տեղի էր ունենում հայերի զանգվածային ջարդը, դրան զուգահեռ` և՛ Բաքվում, և՛ Ապշերոնում կազմակերպված ձևով իրականացվում էր հայերի կոտորած։ Բաքվի ցեղասպանությունից առաջ բոլոր կազմակերպիչների ձեռքի տակ եղել են այնպիսի տվյալներ, որոնք առկա են միայն պետական մարմինների մոտ։ Խոսքը վերաբերում է հայերի բնակության վայրին, հեռախոսահամարներին։ Եվ ինչպես Սումգայիթում, այնպես էլ Բաքվում, ցեղասպանությունից առաջ կապի բոլոր միջոցներն անջատված էին միայն հայերի տներում»,-ասել է Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովհաննես Ավանեսովը։
Նա ընդգծել է՝ Բաքվում 1990 թվականին առնվազն 3 հազար զոհ ենք ունեցել։ Հայերի դիերի մի մասը հայտնվել էր ծովում, մի մասն էլ Բաքվից բեռնատար մեքենաներով տեղափոխել են մերձակա քաղաքների դիահերձարաններ, ինչն ավելի է բարդացրել զոհերի հստակ թվաքանակի ճշգրտման գործընթացը։
«Բաքվի ցեղասպանության կազմակերպիչները ոչ միայն չեն պատժվել, այլև մինչ օրս զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ»,-նշել է Կովկասագիտության կենտրոնի տնօրենը։
Ադրբեջանի անպատժելիության հետևանքով ծնվեց հերթական նոր հանցագործությունը՝ Արցախի շրջափակումը, որը հանգեցրել է հումանիտար լուրջ խնդիրների, շեշտել է Հովհաննես Ավանեսովը։