14/01/2023 20:00
Շրջափակված Արցախում հարյուրավոր երեխաներ առողջական խնդիրներ ունեն․ նրանք պարբերաբար մեկնում էին Հայաստան՝ ստանալու նեղմասնագիտական բուժօգնություն
Արցախի առողջապահության ոլորտի պատասխանատուների տվյալներով՝ ներկա պահին Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով, 93-ը՝ բրոնխիալ ասթմայով, 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով։
Նրանք հաշվառման են վերցված և պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն` ստանալու համապատասխան բուժօգնություն։
Դեկտեմբերի 12-ից հետո՝ շրջափակման պատճառով, այս երեխաները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից։ Բացի դրանից, ավելի քան 10 բժիշկ հնարավորություն չունեն Հայաստանից վերադառնալու Արցախ։ Դրա հետևանքով Արցախի բուժհաստատություններում առկա է կադրային որոշակի դեֆիցիտ։