14/01/2023 09:57
«Ժողովուրդ». Ոստիկանության նախկին գնդապետի որդուն դանակահարելու գործով մեղադրանք է առաջադրվել նաև ռեստորանի տնօրենի որդուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդուն` Էդուարդ Նադարյանին, բազմաթիվ դանակի հարվածներ հասցնելու դեպքով մեղադրանք է առաջադրվել նաև «Ստարայա Մելնիցա» ռեստորանի տնօրեն Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Տիգրան Վարդանյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Հովհաննես Վարդանյանը հաստատեց, որ իր որդուն իրավապահները կանչել են, սակայն նշեց. «Իմ որդին այդ պահին այնտեղ չի էլ եղել»:
Նշենք, որ նախաքննական մարմինը դատարան է դիմել Տիգրան Վարդանյանին կալանավորելու հարցով, սակայն դատարանը չի բավարարել քննիչի միջնորդությունը:
Հավելենք, որ այս պահին գործով անցնում է 5 անձ, որոնք ազատության մեջ են: Հիշեցնենք նաև, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ձերբակալված է եղել նաև Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը, որը ևս այսօր ազատության մեջ է:
Սա այն դեպքն էր, երբ Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել, և հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին` 35-ամյա Էդուարդ Նադարյանը՝ մարմնի վրա արված 10-ից ավելի հարվածի հետքերով»։