14/01/2023 10:31
«Ժողովուրդ». Ըստ Փաշինյանի, 8 տարի առաջ տրանսպորտի վարչության պետը չպետք է մեքենա ունենար, սակայն հիմա ոչ միայն պետք է, այլև ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրե՛ք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ 2015թ.-ի մի ելույթից:
Փաշինյանն այս երևույթը անվանել էր «պադավատապետություն»: Հետարքիր էր՝ արդյո՞ք հիմա արդեն փոխվել է իրավիճակը, և 5 տարի առաջ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը արգելո՞ւմ է արդյոք տրանսպոտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենայով գործի գնալ:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երևանի քաղաքապետարան, ու լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին հետևյալը. «Վարչության պետը մշտապես շրջայցերի, ստուգայցերի մեջ է, ունի ծառայողական մեքենա: Վարորդ կա, որի ամսական կարիքների համար բենզին է դուրս գրվում»: Ստացվում է՝ 8 տարի առաջ տրանսպորտի վարչության պետը չպետք է մեքենա ունենար՝ ըստ Փաշինյանի, սակայն հիմա ոչ միայն պետք է, այլև ունի:
Ընդ որում՝ նկատենք, որ եթե տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանին հաճախ կարելի էր տեսնել կանգառներում երթուղիներին հետևելիս, հիմա, փաստորեն, տրանսպորտի վարչության նոր պետը ծառայողական ավտոմեքենայից է օգտվում: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից 5 տարի անց մենք շարունակում ենք լինել «զարմանալի պետություն», որտեղ շարունակում է ծառայողական մեքենա ունենալ Երևանի քաղաքապետարանի տրասնպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը»։