14/01/2023 13:01
Եթե ուզում ենք փոխել իրականությունը, պիտի փոխենք ընտրությունը. տեղի ունեցավ «Ընտրված պարտություն» գրքի շնորհանդեսը ․ Լուսանկարներ
Մենք ծանր վիճակում ենք, 120․000 հայրենակիցներ ընտրված պարտության հերթական դրսևորումն են «ճաշակում»: Արցախի շրջափակման պայմաններում դժվար է միջոցառումներ կազմակերպել, բայց նաև կա գիտակցումը, որ իրավունք չունենք մեր տեղում չլինել, ավելին՝ մեր գործը պատշաճ իրականացնելով պիտի մեր ներդրումն ունենանք իրավիճակի հաղթահարման հարցում, «Ընտրված պարտություն» գրքի շնորհանդեսին նշեց գրքի հեղինակ, միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանը:
Գիրքը ներկայացնում է 2018թ. մայիսից 2021թ. հունիս ժամանակահատվածի իրադարձությունների ուսումնասիրությունները, վերլուծությունները. նպատակը՝ օգնելու հասկանալ պարտության իրական պատճառները:
«Իշխանության քայլերը, անգործությունը, դիվանագիտական սխալներն ու բացթողումները մոտեցրին մինչ օրս շարունակվող արհավիրքը. իշխանության յուրաքանչյուր քայլ ինքնին ընտրություն էր»: Հեղինակը, այնուամենայնիվ, սխալ է համարում սխալների սլաքները միայն մեկ ուղղությամբ ուղղելը՝ այդպիսով խուսափելով տեսնել նաև սեփական մեղքի բաժինը:
«Իրավիճակը շտկելու համար նախ պետք է ընդունենք, որ իրականությունը մեզնից յուրաքանչյուրի՝ որպես հանրություն, ընտրության հետևանք է, ընտրություն, որ եղավ 2018-ին, ամրագրվեց անգամ պատերազմից ամիսներ անց՝ 2021 թվականի հունիսին»:
Գրքի հասցեատերերը փորձագիտական հանրույթը, ԶԼՄ ներկայացուցիչներն են, բոլոր նրանք, որ ցանկություն ունեն հասկանալու՝ ինչ գործընթացների հետևանքով պետությունը հայտնվեց և շարունակում է մնալ ճգնաժամային վիճակում:
Հեղինակն ասում է՝ գրքում մասնագիտական վերլուծությանը զուգահեռ հարցադրումներ են արվել, որոնց միջոցով յուրաքանչյուր ընթերցող ինքը պետք է փորձի պատասխաններ, նաև սեփական դերակատարության բաժինը գտնել:
Գրքի ստեղծման գործում մեծ ներդում են ունեցել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Արման Սաղաթելյանը:
«Երիտասարդ մասնագետիս համար անգնահատելի էր ավագ, փորձառու գործընկերների՝ Կարեն Բեքարյանի, Արման Սաղաթելյանի խորհրդատվական աջակցությունը»:
Գրքի հեղինակը շնորհակալություն հայտնեց նաև «Պրոֆիլ» հրատարակչության տնօրն Արմեն Մինասյանին՝ գրքի ձևավորման, սրբագրման, խմբագրման ժամանակատար, ահռելի ռեսուրսներ պահանջող աշխատանքը պատշաճ իրականացնելու համար:
Գրքի առանձնահատկություններից հեղինակը համարում է նաև գրքում տեղ գտած քարտեզները, որոնք բացառիկ են, որևէ այլ աղբյուրում չկան: Գրքի հեղինակը երախտագիտություն հայտնեց «Լույս» հիմնադրամին՝ գրքի տպագրությունը հովանավորելու, շարունակական գործունեություն խրախուսելու պատրաստակամության համար:
«Նատակը մեկն էր ունենալ վերնագիր, որ ոչ միայն բովանդակությունը կարտացոլեր, այլ նաև այն, ինչ բովանդակության մեջ չկա, բայց տողատակերում նպատակ ենք ունեցել հասցնել ընթերցողին»: