14/01/2023 16:17
«Ոչ ոք չի վերացրել հանցավոր անգործության քրեական թեզը, հետևաբար, ժամանակն է, որ բոլորն իրենց թափ տան․ կա ֆրոնտալ աշխատանքի դաշտ»․ Կարեն Բեքարյան
«Հայաստանի իշխանություններից չկա ակնկալիք, եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք․ բայց նույնիսկ նման ճգնաժամերի պարագայում կա ֆրոնտալ աշխատանքի դաշտ, և յուրաքանչյուր անձ ու քաղաքացի, իր մասնագիտական հնարավորություններից ելնելով, իր լուման կարող է ներդնել՝ քայլ առ քայլ իր ձայնը լսելի դարձնելու, իրավիճակի հաղթահարմանը նպաստելու ուղղությամբ»,- «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրով քննարկմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը։
Քաղաքագետն ընդգծեց՝ թեզը, թե մեր փոխարեն ամեն ինչ որոշված է և մենք ոչինչ չենք կարող անել, տեղ չի կարող ունենալ, քանի որ վաղը սերունդներին պատասխանելու հարցի առջև ենք կանգնելու։
«Առանց հայացքը հետ թեքելու՝ ստացվում է, թե չի ստացվում կամ ով է խոչընդոտում, կա ֆրոնտալ աշխատանքի դաշտ՝ իր մեջ ունենալով հավատի էլեմենտ, որ ջրի շիթը քար է ծակում։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Երկրորդը՝չանելով ոչինչ չես ունենալու։ Անելով, եթե անգամ երաշխավորված չես, որ լավագույն արդյունքն ես ունենալու, բայց եղած ընթացքն իր հետ հնարավորություններ է բերելու»,- ասաց Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով՝ Արցախը նույնպես գործողությունների հնարավորություն ունի։
«Լեռնային Ղարաբաղի Հանարպետությունն, անգամ իր չճանաչված լինելու պարագայում ու պայմաններում, ունի գործողությունների բավական լայն հնարավորություն՝ այդ թվում հաշվի առնելով և ողջունելով այս պարագայում այն հանգամանքը, որ նորանշանակ արտաքին գործերի նախարարը շրջափակումից դուրս է (գտնվում է Երևանում-խմբ․)․ կարող է ձևավորել իր շուրջն թիմ՝ բանակցայինից մինչև ցանկացած օպերատիվ գործողության, որ ձայնը լսելի դարձնի ողջ աշխարհին՝ քայլ այլ քայլ այդ ձայնը լսելի դարձնելու հնարավորությամբ։ Շանսերը կան»,- նշեց Կարեն Բեքարյանը։
Իր ներդրումը կարող է ունենալ նաև գործարար համայնքը՝ վեր կանգնելով քաղաքական նկատառումներից, նշեց քաղաքագետը։
«Հարգելի՛ գործարար համանք, դուք կամ կաք այս պետության ազգային պետական շահերը պաշտպանելու, առաջ մղելու հարցում, կամ չկաք։ Եթե չկաք, դա հետևանքներ է բերում։ Այդ հետևանքները չեն սկսվում ու ավարտվում այսօրվա իշխանությամբ։ Ոչ մեկը չի վերացրել հանցավոր անգործության քրեական թեզը։ Իսկ հավատացեք, քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում այդտեղ այնքա՜ն խոսելիք կլինի, և վստահ եղեք՝ քաղաքական իրավիճակը կփոխվի։ Հետևաբար, ժամանակն է, որ բոլորն իրենց թափ տան»,- շեշտեց Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով՝ շատ հստակ ուղերձ պետք է հղվի աշխարհին՝ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, թե՛ Սփյուռքից։ Թեզը՝ եթե Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում, մենք ինչ անենք, արժեզրկված է և անիմաստ։
«Հերիք է թաքնվել Հայաստանի չեղած իշխանության հետևում»,- ընդգծեց Կարեն Բեքարյանը։