16/01/2023 15:56
Պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափսը կարող է համարվել պետական գաղտնիք. Արծվիկ Մինասյան
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարևորում է պետական գաղտնիքի վերաբերյալ իրավական կարգավորումները, հատկապես այն իրավիճակում, որում Հայաստանն է հայտնվել:
«Հաճախ ենք լսում հրապարակումները, որ հարուցված են այս կամ այն քրեական գործերը առերևույթ պետական դավաճանության մասին, ի վերջո, այս ամենի մեծ մասը հատկապես պետական գաղտնիքի հետ կաված իրավահարաբերությունների խախտումն է եղել ու սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իրավակարգավորումները չափազանց կարևոր են», - Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց նա:
Ըստ Մինասյանի՝ այս օրենքի նախագիծը չի բավարարում սահմանադրական այն պահանջին, որ ցանկացած իրավունքի սահմանափակում պետք է հիմնավորված լինի ու օրենքով երաշխավորված` պետական անվտանգության տեսակետից:
«Չկա բավարար հիմնավորում առ այն, թե անձի վերաբերյալ տեղեկատվությունը ինչ հիմնավորումով է ճանաչվում պետական գաղտնիք: Արդյունքում պետական պաշտպանության ենթակա անձի կոշիկի չափսը կարող է համարվել պետական գաղտնիք», - նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Մինասյանի խոսքով՝ ցանկացած մեկն ԱԱԾ-ին կարող է առաջարկել իր անձնականին կամ շրջապատին վերաբերող տեղեկատվությունը համարել պետական գաղտնիք:
«Այս աննորմալ իրավիճակին պետք է վերջ տրվի», - հավելեց նա: