Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը փետրվարի 7-ից կմեկնարկի իր վեցերորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Նովոսիբիրսկ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
«Մոսկվայից, Սոչիից և Սանկտ Պետերբուրգից հետո Նովոսիբիրսկը Ռուսաստանի Դաշնության չորրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Այն ավանդաբար պահանջված ուղղություն է, եւ այս նոր ուղիղ թռիչքներով ազգային ավիափոխադրող Fly Arna-ն կստեղծի էլ ավելի շատ հնարավորություն այդ ճամփորդությունը կազմակերպել առավել հարմարավետ եւ մատչելի: Ինչպես արդեն նշել ենք, 2023-ին եւս հավատարիմ ենք մնալու մեր նպատակներին եւ շարունակելու ենք ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: