16/01/2023 19:02
Որոշ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման և սեքսուալ խանգարումների․ Մասնագետ
Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը, անդրադառնալով շատ կարևոր մի խնդրի, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է այն դեղորայքը, որը կարող էհանգեցնել տեստոստերոնի իջեցմանը և, հետևաբար, սեքսուալ խնդիրների։
«Հայտնի է շուրջ 120-ի հասնող դեղորայք, որոնք կարող են սեռական խնդիրներ առաջ բերել: Այժմ կներկայացնեմ այն դեղորայքային խմբերը, որոնք կարող են արական սեռական հորմոնի նվազման հանգեցնել:
Այս խմբերի դեղորայքի կամ կոնկրետ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման, ինչը պատճառ է հանդիսանում սեռական ցանկության նվազմանն ու այլ սեքսուալ խանգարումների առաջացմանը:
Կետոկոնազոլ՝ կիրառվում է սնկային հիվանդություների բուժման համար
Ցիմետիդին՝ կիրառվում է խոցային հիվանդության, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի բուժման համար ( ներկայումս հազվադեպ է կիրառվում )
Սպիրոնոլակտոն՝ նշանակվում է սիրտանոթային հիվանդությունների, զարկերակային գերճնշման ժամանակ
Որոշ անտիդեպրեսանտներ՝ նշանակվում են հոգեկան առողջության խնդիրների ժամանակ
Քիմիոթերապևտիկ դեղորայք՝ վնասում է սեռական գեղձերը, որոնք տեստոստերոն են արտադրում
Օփիոիդային ( նարկոտիկ) միջոցները կամ ցավազրկողներ
Ստատիններ՝ կիրառվում են խոլեստերինի իջեցման համար։
Իհարկե, վերոնշյալ դեղորայքից որոշները նշանակվում են հստակ ցուցումներով, սակայն բոլոր դեպքերում պետք է հիշել այս կողմնակի էֆեկտի մասին և հաշվի առնել հետագայում սեքսոլոգիական խնդիրների բուժման ժամանակ»,- գրել է սեքսապաթոլոգը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։