16/01/2023 20:01
Կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկել վիրաբույժի հետ՝ մինչև վիրահատվելը
Անկախ նրանից, թե ով և ինչ խորհուրդ է տալիս վիրահատության ընթացքի մասին, վերջնական և հստակ կարծիք պետք է կազմել միայն վիրահատությունն անցկացնող բժշկի հետ խոսելիս։
Յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալու իրեն վերագրվող ախտորոշման կամ հիվանդության առաջարկվող վիրահատական միջամտության մասին բոլոր մանրամասները, իսկ վիրահատող բժիշկը պարտավոր է հարցերին տալ մատչելի և հասկանալի պատասխաններ։
Շատ կարևոր է իմանալ, թե ինչու է ձեզ առաջարկվում կոնկրետ տվյալ վիրահատությունը և ինչ ազդեցություն կարող է ունենալ դա առողջական վիճակի վրա։
Անպայման հստակեցրեք վիրահատության օգտավետությունը. Ի՞նչ տևողությամբ ձեզ ներկայացվող արդյունքը կգործի կամ այդ օգուտը կլինի ժամանակավո՞ր (որից հետո ձեր խնդիրը դարձյալ առաջին պլան կմղվի), թե՞ վերջնական։ Եթե խոսքը վիրահատության ժամանակավոր արդյունքների մասին է, ապա ինչքա՞ն կպահպանվեն լավ արդյունքները, և ինչպե՞ս կկարողանաք վիրահատությունից հետո երկարացնել բարվոք շրջանը։
Ինչպիսի ռիսկեր ունի վիրահատությունը
Վիրահատական յուրաքանչյուր գործընթաց կարող է ռիսկային լինել, քանի որ չկա զրոյական ռիսկով որևէ բժշկական միջամտություն։
Վիրահատական ռիսկը կարող է կապված լինել տարբեր հանգամանքների, առաջին հերթին՝ անզգայացման մեթոդի և բուն վիրահատության հետ։ Վիրահատական բուժումն ինքնին կարող է ունենալ տարբեր տարատեսակներ՝ յուրաքանչյուրն իր օգուտ-վնաս փոխհարաբերակցությամբ։
Դուք կարող եք հարցնել վիրաբույժին այն մասին, թե
ի՞նչ ռիսկեր ու բարդություններ կարող են լինել,
ենթադրյալ 100 մարդու մոտ կատարված տվյալ վիրահատությամբ քանիսի՞ մոտ կարող են ռիսկեր ու բարդություններ առաջանալ։
Ունե՞ք արդյոք այս վիրահատությունը կատարելու բավարար փորձ
Բոլոր վիրաբույժներն էլ իրենց աշխատանքային փորձը կուտակում են՝ սկսելով առաջին վիրահատությունից։ Եթե վիրաբույժի առաջին վիրահատվող հիվանդն եք, դուք պետք է իմանաք այդ մասին։ Այս առումով, նաև վիրահատող բժշկի մասնագիտական փորձը ճշտելու համար կարող եք ձեր ապագա վիրաբույժին հարցնել՝
քանի՞ անգամ է մինչ օրս կոնկրետ այս վիրահատությունն ինքնուրույն կատարել,
ինչպիսի՞ արդյունքներ է գրանցել՝ կատարելով տվյալ վիրահատություն։
Կա՞ն արդյոք այլընտրանքային ու անվտանգ եղանակներ
Որոշ հիվանդություններ կարող են ինքնուրույն նահանջել կամ բարելավվել ոչ վիրահատական միջոցներով, օրինակ՝ սննդակարգի փոփոխություն, ֆիզիոթերապիա կամ դեղորայքային բուժում։ Ուստի, երբեք սխալված չեք լինի, եթե հարցնեք բժշկին և վիրաբույժին այն մասին, թե՝
կա՞ն արդյոք առաջարկվող վիրահատությանը այլընտրանքներ,
ի՞նչ կլինի, եթե վիրահատության փոխարեն ընտրեք այդ այլընտրանքներից մեկնումեկը և այլն։
Ի՞նչ ծախսեր կպահանջվեն
Ինչպես վիրահատությունը, այնպես էլ հետվիրահատական շրջանը ծախսատար են։ Այս շրջանում հիվանդը կարող է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը, հետևաբար և կորցնել եկամտի աղբյուրը։ Ըստ այդմ, անհրաժեշտ է իմանալ՝
ինչպիսի՞ ծախսերի հետ է կապված վիրահատական բուժումը՝ բուն վիրահատությունը, առանձին միջամտությունները, հետվիրահատական շրջանը և բոլոր մյուս այն ծառայությունները, որոնցից պետք է օգտվել,
եթե ունեք առողջության ապահովագրություն, արդյոք այն կօգնի հոգալ բոլո՞ր ծախսերը, թե՞ որոշակի վճար ինքներդ պետք է կատարեք,
ինչքա՞ն կտևի հետվիրահատական շրջանը և ե՞րբ կկարողանաք աշխատանքի անցնել։
Իհարկե, վիրաբույժ ընտրելը դժվարին գործ է։ Փնտրելով տարբեր ուղիներով, կարող եք գտնել խիստ տարբերվող, երբեմն՝ իրարամերժ, չի բացառվում նաև՝ ոչ հավաստի կամ գովազդային տեղեկություններ։ Ուստի, այս ամենից զատ, հարցրեք բժշկին այն մասին, թե՝ ո՞վ է ձեզ համար նախատեսված վիրահատությանը լավագույն տիրապետող վիրաբույժը, և ինչո՞ւ։
Այս և նմանատիպ շատ այլ հարցեր հեշտությամբ կօգնեն գտնել վիրահատությունը կատարող անհրաժեշտ բժիշկ, վստահել նրան ձեր առողջությունն ու խուսափել հնարավոր բարդություններից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։