16/01/2023 14:06
Չենք կարող հեռվից դիտել, թե ինչքան կդիմանա Արցախը. Արցախը միայնակ է պայքարում, այս աննորմալ իրավիճակը մենք չենք կարող թույլ տալ. Արմեն Ռուստամյան
Արցախցիները չպետք է թույլ տան որևէ քայլ, որը կարող է խաթարել միասնականությունը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա ասաց, թե առաջնային մանդատ ունեցող բոլոր անձինք Արցախում պետք է տեր կանգնեն իրենց լեգիտիմությանը, որովհետև լեգիտիմության շուրջ պետք է ձևավորվի միասնական մթնոլորտ:
Խոսելով Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի մասին՝ Ռուստամյանն ասաց, թե դրանում «խառն է Ադրբեջանի մատը»:
«Նրանք շատ ուղղակի ասել են դրա մասին տարբեր տեղերում, անգամ՝ ԵԽԽՎ-ում, նրանք ուղիղ խնդիր են դրել, որ պետք է դուրս հանել Ռուբեն Վարդանյանին, այսինքն՝ առնվազն այսքանը բավարար է, որ դա չկատարվի: Ի՞նչ է նշանակում թույլ տալ, որ Ադրբեջանը որոշի՝ ով ստանձնի այս կամ այն պաշտոնը», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ Ռուստամյանի՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում բոլորն ունեն պատասխանատվության իրենց բաժինը:
«Բոլորը հասկանում են, որ այսպես երկար ձգվել հնարավոր չէ: Այս խնդիրը պետք է լուծում ստանա: Եթե Ադրբեջանը կարծում է, որ անընդհատ, մշտական, անժամկետ ճանապարհը փակելով հասնելու է իր նպատակներին՝ տեսնելով արցախահայության անկոտրում կամքը, բնականաբար, նահանջելու է։ Պայքարով է միայն հնարավոր դրա դեմն առնել և հակակշռել», - ասաց նա:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ մեզ պակասում է արցախահայությանը պաշտպանելու համահայկական գործընթացը, որը պետք է օր առաջ ստեղծել և իրականացնել։
«Մեր բոլոր առաջարկները դրան են ուղղված։ Պետք է ստեղծվի մեկ միասնական կենտրոն՝ անունը շտաբ կամ խորհուրդ կլինի, որը պետք է առաջացնի համահայկական զորաշարժ: Մենք չենք կարող նստած սպասել և հեռվից դիտել, թե ինչքան կդիմանա Արցախը: Արցախը միայնակ է պայքարում, այս աննորմալ իրավիճակը մենք չենք կարող թույլ տալ», - հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: