16/01/2023 14:57
Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին տիրապետողները երկրից բացակայելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին
Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով, ԱԺ նիստում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:
«Առաջարկվում է օրենքը վերնագրել «Պետական գաղտնիքի մասին»՝ դրանից հանելով ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները: Արդյունքում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր», - ասաց Հարությունյանը:
Նախագծով կանոնակարգվում են նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին վերաբերող հարաբերությունները՝ սահմանելով, որ այդպիսի տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տարրեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:
Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել օրենքում օգտագործվող հասկացությունների սահմանումները, տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները, գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրումը մերժելու հիմքերը, դրանց պաշտպանության բնագավառում կառավարության և պետական մարմինների լիազորությունների շրջանակը:
«Նախագծերի փաթեթով առաջարկվում է խստացնել պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Միաժամանակ, վարչական պատասխանատվություն է նախատեսվում՝ «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար», - ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը: