16/01/2023 16:41
Բանակային խաղերին մասնակցող մարզիկները պարգևավճար կստանան
Բանակային խաղերին մասնակցող մարզիկները պարգևատրում կստանան, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Գիլոյանը, նպատակ ունի ընդգծել ռազմական կամ բանակային խաղերի կարևորությունը: Գիլոյանի խոսքով՝ Բանակային խաղերը շատ հեղինակավոր մրցումներ են, որին երբեմն մասնակցում է մինչև 200 երկիր ու օլիմպիական խաղերից հետո ամենամասսայական մրցումներն են:
«Եվ քանի որ բանակային խաղերն ընդգրկված չեն մեր միանգամյա պարգևավճար ստացող միջոցառումների ցանկում, պարբերաբար մեր հավաքականները բանակային խաղերին ուղարկում են 2-րդ, 3-րդ համարներին՝ ուժեղներին թողնելով Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններին պատրաստվելու և մասնակցելու, բայց, կարծում ենք, որ 200 երկրների մասնակցությամբ անցկացվող խաղերին պետք է մասնակցեն առաջին համարները: Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ մարզիկները շահագրգռվեն», - մանրամասնեց Գիլոյանը:
Իսկ դա, ըստ նրա, հնարավոր է անել միայն այն ձևով, որ այս խաղերը մտցվեն պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկ, և մարզիկները, հաջողության դեպքում, ինչպես Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից կամ Օլիմպիական խաղերից են ստանում, այնպես էլ Բանակային խաղերից ստանան պարգևավճար: