16/01/2023 16:07
Եթե ուզում ենք ունենալ հայկական ՀՀ և հայկական Արցախ, մեզ պետք է պատերազմ և հաղթանակ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը վերսկսում է քննարկումների շարք՝ մեր երկու հանրապետությունների առջև ծառացած խնդիրների մասին հնարավորինս անկեղծ խոսելու, լուծումներ առաջարկելու համար, «Ինչպես պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Դժվար է պատկերացնել, որ Արցախը հայկական պահելու հարցը երեք-չորս տարի առաջ մեր օրակարգում կլիներ, բայց մեր խնդիրները լուծելու համար կարևոր է մարտահրավերներն անկեղծորեն սահմանելը, կարևոր է իրավիճակն ընդունելը ոչ թե որպես դատավճիռ, այլ՝ որպես գործողությունների մեկնակետ»,- նշեց նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ քաղաքական վերնախավը վախենում է հանրությանն ասել ակնհայտ բաներ. գոնե քաղաքագիտական, փորձագիտական շրջանակը պետք է հանրության հետ երկխոսության հարցում կաշկանդված չլինի։
«Կա մտահոգություն, թե կարող է նոր պատերազմ սկսվել. որևէ մեկը հանրությանը հստակ չի բացատրում, որ իրականում այդ պատերազմն անհրաժեշտ է մեզ ոչ թե թշնամուն դիմադրելու, եղածը պահելու համար, այլ՝ կորցրածը վերականգնելու համար։ Թող մեզ համարեն ռևանշիստներ, բայց փաստն այն է, որ ներկայիս ռեսուրսներով ՀՀ-ն ու Արցախը տարածաշրջանում կենսունակ, մրցունակ չեն. այս պայմաններում անհնար է լուծել անվտանգային տարրական հարցեր։ Եթե ուզում ենք ունենալ հայկական Արցախ և հայկական ՀՀ, մեզ պետք է պատերազմ և հաղթանակ»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Արցախը հայկական պահելու գլխավոր պայմաններից քաղաքագետը համարում է հատվածական լուծումներից հրաժարվելը։
«Ավելի քան համոզված եմ, որ մոտ ապագայում Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհը բացվելու է, բայց կարևոր են «ինչպես»-ը և «ինչու»-ն։ Եթե պիտի լինեն զիջողականության, պարտվողականության տարրեր, ավելի լավ է ճանապարհը փակ մնա, ապրենք դժվարին կացության մեջ, բայց հանկարծ նոր զիջումների չգնանք։ Եթե Արցախում մարդիկ զգան, որ ճանապարհն իրենց պայքարի շնորհիվ բացվեց, շարունակելու են մնալ ու պայքարել, եթե այսքանից հետո զիջումների գնով բացվի, արտագաղթի մեծ ալիքն անխուսափելի է լինելու»,- ասաց նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ խնդիրները հաղթահարելու համար կենսական է պատասխանատվություն ստանձնելը։
«Կա պայքար արտաքին հովանավորների աչքին լավ երևալու համար, միմյանց դեմ միավորներ հավաքելու համար, կա նաև պայքար խնդիրները լուծելու համար, բայց իրական պատասխանատվություն ստանձնելու պայքար՝ թեկուզ վատ արդյունքի կամ պատերազմի առաջնորդելու համար, չկա, կամ կա, բայց դեռ լավ չի արտահայտվում։ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում մեր այսօրվա խնդիրը ախտորոշված է՝ «Հինգ հոգով վեց երգ ենք երգում», որի ամենավառ օրինակը օրեր առաջ Արցախում տեղի ունեցած քաղաքական զարգացումներն էին. քաղաքական էլիտաները զբաղված են ոչ թե մարտահրավերներին միասնական լուծում տալու օրակարգ ստեղծելով, այլ՝ պաշտոնների բաշխման, արտահերթ ընտրություններ կազմակերպելու օրակարգով», - ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Որպես Արցախը հայկական պահելու կարևոր գործոն քաղաքագետը նշեց ռեսուրսների կենտրոնացման, արդյունավետ օգտագործման քաղաքականությունը․ «Մենք ստեղծել ենք պետություն՝ ուժեղ բանակով, տնտեսական, ռազմական համակարգով, ինստիտուտներով, բայց այսօր այս ողջ ռեսուրսը չի ծառայում մեր անվտանգության ապահովմանը, չի ծառայում հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Ռեսուրսները սպասարկում են դավաճանական խմբի շահերին, որպես հետևանք՝ ոչ միայն քայքայվում են համակարգերը, այլ նաև մի ամբողջ պետություն նվիրվում է թշնամուն»։
Հրանտ Մելիք-Շահնազարյանն իրավիճակից դուրս գալու գլխավոր նախապայման համարում է ռեսուրսների՝ բանակի պոտենցիալի, տնտեսության, արտաքին քաղաքականության լծակները ազգային շահով առաջնորդվող քաղաքական ուժի ձեռքում կենտրոնացնելը։